Նկարչական հավելվածը, որը նախատեսված է հիմնականում պատանիների եւ երիտասարդների համար, արդեն ունի 5000 բեռնում:
Վերջին շրջանում պլանշետներն ու հեռախոսները մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել և պարզապես հաղորդակցության կամ զվարճանքի միջոց չեն: Օգտակար հավելվածների միջոցով մենք կարող ենք ավելին իմանալ : Դրանցից մեկին` «LiveBoard»-ին կանդրադառնանք հենց հիմա:
Հավելվածի համահեղինակ Էրիկ Ղոնյանի խոսքով` հավելվածի գաղափարը առաջացել է մոտ մեկ տարի առաջ՝ ամռանը:
Երկար քննարկումներից հետո թիմը որոշեց ստեղծել մի գործիք, որը կրթությունը և հաղորդակցությունը նոր մակարդակի կբերի:
Կարդացեք նաև
«Մոտ կես տարի առաջ, մարտի 31-ին այն հասանելի էր Google play store-ում: «LiveBoard» հավելվածը ձեր պլանշետը կամ սմարթֆոնը վերածում է վիրտուալ գրատախտակի, որի միջոցով կարող եք նկարել եւ վիզուալ պատկերացնել ցանկացած գաղափար ու խնդիր»,-ասում են համահեղինակները:
Ինչպես ժամանցային, այնպես էլ կրթական այս հավելվածի հիմնական թիրախային խումբը պատանիներն ու երիտասարդներն են, ինչպես նաև կրթական ոլորտում ներգրավված մասնագետները:
«LiveBoard»-ը կարելի է օգտագործել ինչպես լսարանում կամ խմբում, այնպես էլ տանը՝ դասերը պատրաստելիս և ընկերների հետ մտքեր փոխանակելիս:
Սովորական նկարչական հավելվածներից այն տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս իրական ժամանակում գրատախտակը կիսել այլ օգտատերերի հետ, ինչը նշանակում է, որ մասնակիցները միաժամանակ կարող են տեսնել բոլոր նշումները և քննարկել հաղորդագրությունների միջոցով:
Ինտերակտիվ հավելվածը տրամադրում է նկարչական տարբեր գործիքներ՝ վրձին և ռետին, գույների մեծ ներկապնակ, ինչպես նաեւ երկրաչափական ֆիգուրներ:
«LiveBoard»-ի միջոցով կարող եք նաև լուսանկարներ ներբեռնել ձեր սմարթֆոնի պատկերասրահից եւ այդ նկարի վրա աշխատել: Նկարը կարող եք պահպանել zoom in շարժումի միջոցով կամ սեղմելով հետ կոճակը:
Հավելվածի հիմնական առանձնահատկություններն են՝
-Իրական ժամանակում նկարելու և գրատախտակը անսահմանափակ թվով մարդկանց հետ կիսելու հնարավորություն
-Ձեր ստեղծագործությունները սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Skype, Google+, Viber) և էլ. փոստի միջոցով կիսելու հնարավորություն
-Այլ օգտատերերին հաղորդագրություններ գրելու հնարավորություն
Հավելվածը 5000 բեռնում ունի: Հեղինակներն այսքանով չեն բավարարվում, նրանք պատրաստվում են ծրագրի մեջ ավելացնել ևս 2 կարեւոր բաղադրիչ՝ իրական ժամանակում ձայնային շփման հնարավորություն եւ գրաֆիկական փաթեթներ:
Ինչ վերաբերում է հավելվածի տեսքին, ապա համահեղինակները համոզված են, այն շատ պարզ է եւ հասկանալի, ավելորդ վանդակներ կամ գործիքներ չկան, խճճվելու հավանականություն նույնպես:
Եթե դեռ չեք օգտվել այս հավելվածից կարող եք ներբեռնել ու փորձել ծրագրի հնարավորությունները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ